AM
27 Սեպտեմբեր 2011 - 10:38 AMT

Գերմանիայում լրացուցիչ կրթություն ստանալու համար հայտարարվել է դրամաշնորհների մրցույթ

Գերմանական Ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD/ԴԱԱԴ) և Գերմանիայի Բաց հասարակության ինստիտուտը 2012-2013 ուսումնական տարվա համար հայտարարում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նախատեսված են ուսանողների, բուհավարտների, ասպիրանտների և գիտնականների համար: Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ լրացուցիչ մագիստրոսական կրթաթոշակներ կտրամադրվեն իրավագիտության, պատմության, միջմշակութային հարաբերությունների, գերմանագիտության, սոցիոլոգիայի և հանրային կառավարման գծով:

Պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսվում են գիտահետազոտական այցեր մինչև երեք ամիս տևողությամբ: Նախկին ԴԱԱԴ շրջանավարտները կարող են դիմել ԴԱԱԴ շրջանավարտների համար նախատեսված ծրագրին՝ մինչև 25.000 եվրոյի շրջանակում մասնագիտական գրականություն, բուհական անհրաժեշտ գույք կամ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար:

Գիտաուսումնական ծրագրերին դիմելու վերջնաժամկետը 2011թ. հոկտեմբերի 31-ն է: Շրջանավարտների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրերի համար սահմանափակ ժամկետներ նշված չեն: Ծրագրերին կարող են դիմել ինչպես անգլերենին, այնպես էլ գերմաներենին տիրապետողները՝ բացառությամբ որոշ ծրագրերի, որտեղ պարտադիր է գերմաներենի իմացությունը: