Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ հասարակական քննարկումն անցկացվեց առանց քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի։ «Պարոն Սարգսյանը ավելի կարևոր միջոցառումներ ուներ այսօր, և չի կարող ներկա գտնվել քննարկմանը»,- ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սոնա Այվազյանը։
«Երևաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր հատակագծի բաժնի ղեկավար, նախագծի ճարտարապետ Պետրոս Սողոմոնյանը համառոտ ներկայացրեց Երևանի գլխավոր հատակագծում առաջարկվող փոփոխությունները և միջոցառումները։ Նա նշեց, որ այս պահին հատակագիծը ներկայացված է քաղաքաշինական և բնապահպանական պետական փորձաքննությունների։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պետական մրցանակի դափնեկիր Սաշուր Քալաշյանը նշեց, որ ինչպես միշտ, այս անգամ էլ հանրային քննարկման մասին իրենց հայտնել են վերջին վայրկյանին, և ինքը նախագծին մանրամասն ծանոթանալու հնարավորություն չի ունեցել։
«Գալիս նստում, սպասում ենք՝ ով ինչ կասի, ու շատ հարցեր մնում են անհայտ։ Այսքան բանը լսելուց հետո ես չհասկացա, թե ինչու են վերանայում գլխավոր նախագիծը։ Գլխավոր հատակագիծը տարածքների գոտիավորման, օգտագործման խնդիր է՝ խոշորացված իմաստով։ Եթե վերանայում ես, ուրեմն որոշ տարածքի հանդեպ վերաբերմունքդ փոխել ես»,- ասաց Քալաշյանը՝ հավելով, որ կարող է պարզվել՝ կանաչ գոտու տարածքը այլ նպատակով է օգտագործվելու։
Ճարտարապետի կարծիքով՝ քննարկումը կազմակերպվել է, որպեսզի հետո ասեն՝ քննարկում եղել է. «Ուզում են ամեն ինչ օրինականացնել՝ այն ամենը, ինչ արել են Երևանում։ Սակայն այդ խնդիրը չկա, քանի որ բոլոր փոփոխությունների տակ կա կառավարության որոշումը։ Իսկ ո՞վ ասաց, թե կառավարությունը ճիշտ է աշխատում։ Որոշումը կայացնում են, հետո ասում են գլխավոր հատակագիծը փոխեք»։





