AM
29 Սեպտեմբեր 2011 - 04:59 AMT

Հանցավոր խմբի պարագլուխի հայրը ԲՀԿ Գառնիի կառույցի նախագահ է եղել

Երևանում գործող հանցավոր խումբը կազմելու և ղեկավարելու մեղադրանքով կալանավորված Արտյուշ Հակոբյանի հայրը՝ «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության ղեկավար Ս. Հակոբյանը ԲՀԿ անդամ է, երկար տարիներ եղել է ԲՀԿ Գառնիի կառույցի նախագահ:

Այս մասին երեկ մեզ ասաց հենց ինքը՝ Ս. Հակոբյանը և ավելացրեց, որ իր կուսակից ընկերները զանգահարել են իրեն, հետաքրքրվել են տեղի ունեցածի մասին, սակայն օգնություն չեն առաջարկել:

Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ: