«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ սեպտեմբեր Ամսվա մարդ է ճանաչվել ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնաթող ղեկավար Կարեն Կարապետյանը` անսպասելի, տարբեր ենթադրությունների առիթ տված ու մինչ օրս իր կողմից չբացատրված հրաժարականի համար:
Հիշեցնենք, որ նախորդ Ամսվա մարդ ճանաչվել էր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ում երկամսյա կալանքը օգոստոսին առիթ հանդիսացավ ՀԱԿ-կոալիցիա երկխոսության դադարի:
Ամսվա մարդ անվանակարգին կարող են հավակնել տվյալ ամսվա ընթացքում առավել նշանակալի գործունեություն ծավալած, հանգամանքների բերումով իրադարձությունների կիզակետում հայտնված և հանրային քննարկման առարկա դարձած թեմաների հերոս հանդիսացող մարդիկ:
Սեպտեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:
Հետագա շաբաթներին այս հրաժարականը տարաբնույթ ասեկոսեների և ենթադրությունների տեղիք տվեց, որը ամեն կերպ շրջանառվում է հայկական մամուլում:





