Հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշում են որպես Ուսուցչի օր։ Արդեն քանի տարի է՝ ԿԳՆ-ն պայքարում է դպրոցներում այս և մյուս առիթներով անօրինական դրամահավաքի դեմ։ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս անգամ էլ է շրջաբերական նամակ ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում կոչ է արել խիստ միջոցներ ձեռնարկել դպրոցներում այդ առթիվ կատարվող անօրինական դրամահավաքները կանխելու ուղղությամբ: ԿԳՆ-ից հայտնում են, որ շրջաբերականի համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը:
Սակայն, դրամահավաքը ոչ միայն չի վերանում, այլև «կենացները գնալով քաղցրանում են»։ Իհարկե, կան դպրոցներ, որտեղ այս և մյուս առիթներով դրամահավաքը կրում է ոչ թե պարտադիր, այլ կամավոր բնույթ։ Սա այն դեպքն է, երբ կա ծնողական կոմիտե, որում ներգրավված ծնողները որոշում են նվերներ մատուցել ուսուցիչներին, ու մյուս ծնողներն էլ ստիպված մասնակցում են «կամավոր» դրամահավաքին։
Դպրոցականների ծնողները PanARMENIAN.Net-ին ահազանգել են, որ կան նաև այնպիսի դպրոցներ ու հատկապես անհատ ուսուցիչներ, որոնք բացի այն, որ անհամբեր սպասում են նվերներին, այլև պահանջում են ցուցակ. «Տվեք ցուցակը, ես պետք է իմանամ՝ ով ինչքան գումար է տվել»։ Այդքանից հետո էլ նույն այդ «ուսուցիչ-մանկավարժները» դժգոհում են նվերների որակից ու ճաշակից՝ «Ձեր տված բոնբոներկին ու սրբիչին չեմ մնացել, ավելի լավ է՝ էդ մի քանի հազարը տվեք»։ Իսկ մարզերից մեկի բնակչուհին ահազանգեց, որ գյուղի միակ դպրոցի դասվարը ծնողներից որպես նվեր հորթ է ուզել։





