Երևանում` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում և Հայաստանի ամերիկյան համալարանի բիզնես-կենտրոնում, ընթանում է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական` 13-րդ տարեկան կոնգրեսը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կոնգրեսին հրավիրված են համաշխարհային ճանաչում գտած մի շարք մասնագետներ` թե Եվրոպայից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Կարո Դերձակյան (ԱՄՆ), Ջուզեպպե Ռոմանո (Իտալիա), Ռադոշ Ջինովիչ (Սերբիա) և այլոք:
Միջոցառումն ընդգրկել է բազմաթիվ թեմաներ, քննարկվելու են ժամանակակից ուրոլոգիայի հարցերը: Կոնգրեսի շրջանակներում դասախոսություններին զուգընթաց կատարվել են գործնական հմտությունների բարձրացմանն ուղղված վիրաբուժական միջամտություններ, որոնք անմիջապես հեռարձակվել են վիրասրահից լսարան, հնչել են նաև վիդեոդասախոսություններ: Դասախոսությունները կարդացել և վիրահատությունները կատարել են վերոհիշյալ աշխարհահռչակ բժիշկները և հայ մասնագետները:
Ասոցիացիայի տարեկան կոնգրեսը մասնագիտական աճի ամենալուրջ ստուգատեսն է` թե անհատների, թե հայկական ուրոլոգիական հանրության համար, որը թույլ է տալիս վերլուծել ամբողջ տարվա աշխատանքը, տալ տարեկան, նախապես որոշված գերակայությունների կատարման գնահատականը, մատնանշել առկա խնդիրները, գտնել դրանց վերացման, հարթման ուղիները, ընդգծել ձեռքբերումները, ապա որոշել առաջիկա տարվա գերակայությունները և նախագծել հետագա անելիքները:





