Երեկվանից չեն աշխատում Վանաձորից Երևան մեկնող միկրոավտոբուսները: Ավտոկայանում դրանք ուղղակի բացակայում են: Այս մասին հայտնում է «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը։ Վերջինիս այս մասին ասել են Վանաձորի թվով 10 քաղաքացիներ:
«Նրանց խոսքով, փոխարենը տաքսիներ են աշխատում, որոնք մեկ անձի համար պահանջում են նախկին 1500-2000-ի փոխարեն 2500-3000 դրամ: Վանաձորի «Վանաձոր» ավտոկայանի տնօրենին ևս ոչ մի կերպ չեն կարողանում գտնել, զանգահարում են նաև թեժ գիծ, որն այս պահին բավականին սառն է. ոչ ոք չի պատասխանում»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վանաձորի ավտոկայանում առավոտվանից Երևանի տրանսպորտին են սպասում մի խումբ քաղաքացիներ, որոնք ճարահատյալ օգտվում են տաքսի ծառայությունից: Վանաձորցիները տրանսպորտի բացակայությունը կապում են մայրաքաղաքում ընթացող հանրահավաքի ու նստացույցի հետ:
Նախաձեռնությունը նշում է, որ այս արարքով Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող ընկերությունը կոպտորեն խախտում է մարդու` ազատորեն տեղաշարժվելու իրավունքը: Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը մի խումբ քաղաքացիների անունից գրավոր տեսքով պատրաստվում է դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին և Տրանսպորտի պետական տեսչությանը:





