AM
3 Հոկտեմբեր 2011 - 06:08 AMT

Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանողները հայե՞ր են

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցությամբ, Իրանի անվտանգության ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալվել Սպահանում, հայտնում է Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը:

Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե արդյոք այս կապակցությամբ դիմում կատարվել է Ինտերպոլին, թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու թե ոչ: Անհայտ է նաև, թե արդյոք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմել է թե ոչ:

«Նոր Ջուղայում տարածվող լուրերի համաձայն, ձերբակալված կասկածյալների թիվը հինգ հոգի է, իսկ ավելի հավաստի աղբյուրները միայն երկու հոգու մասին են խոսում, որոնցից մեկը կին է: Նույն աղբյուրի հաղորդմամբ, այս պահին մեղադրվողները մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլլար) երաշխիքի դիմաց գտնվում են ազատության մեջ»,- հայտնում է թերթը:

Այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ` որտեղ են գտնվում կողոպտված թանգարանային իրերը կամ գտնվել են, թե ոչ: Սակայն ասվում է, որ, ըստ երևույթին, սրբապատկերները երկրից դուրս չեն տարվել, «այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրվել` «ավարի» արժեքը ճշտելու համար»:

ՍՀԹ Թեմական խորհուրդը ցայսօր պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել ձերբակալությունների կապակցությամբ և շարունակում է լռել: