AM
3 Հոկտեմբեր 2011 - 12:02 AMT

Քաղաքապետարանի աշխատակիցները ավտոբուսային երթուղիներում սպասարկումը գնահատել են բավարար

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հետ կապված սեպտեմբերի 27-ին անցկացված մոնիտորինգի արդյունքները ներկայացվել են հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է՝ Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից կատարվել են դիտարկումներ մայրաքաղաքի հասարակական տրասպորտի երթուղիներում շահագործվող տրասպորտային միջոցներում:

Համապատասխանաբար ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ հասարակական տրանսպորտի աշխատանքի և տեղ գտած թերությունների վերաբերյալ, որոնք ուսումնասիրվել և ամփոփվել են տրասպորտի վարչությունում:

Ավտոբուսային երթուղիներում սպասարկումը հիմնականում գնահատվել է բավարար, առանձին երթուղիներում շարժակազմերի ոչ բավարար քանակի պատճառով շարժման միջակայքերը եղել են երկար. մասնավորապես 22, 32, 38 և 79 համարի ավտոբուսների դեպքում:

Արձանագրվել են նաև թերություններ. առկա են շահագործման ժամկետներն անցած (հիմնականում «ՌԱՖ» և «ԵՐԱԶ» մակնիշների), տեխնիկապես անսարք միկրոավտոբուսներ, որոնք աշխատում են գերծանրաբեռնված վիճակում։ Առավոտյան «պիկ» ժամերին, փաստացի շահագործվող միկրոավտոբուսների քանակը չի բավարարում, ինչի հետևանքով էլ կանգառներում առաջանում են կուտակումներ: Առանձին շարժակազմերում գրանցվել է ոչ բավարար սանիտարական վիճակ, վարորդների կողմից ծխելու, ուղեսրահում երաժշտություն միացնելու, ընթացքի ժամանակ բջջային հեռախոսով խոսելու և այլ դեպքեր:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում միջոցներ ձեռնարկել մոնիտորինգի արդյունքում արձանագրված թերությունները վերացնելու և պատշաճ ուղևորափոխադրում ապահովելու ուղղությամբ, շեշտելով, որ հակառակ դեպքում երթուղիները շահագործող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության:

Ելնելով մոնիտորինգի արդյունքներից` առաջարկվել է արագացնել մայրաքաղաքի հասարական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի հիման վրա կկազմակերպվեն նոր մրցույթներ։ Արդյունքում երթուղիների մի մասում կշահագործվեն մեծ տեղատարողության ավտոբուսներ, իսկ միկրոավտոբուսների մասով զգալիորեն կբարելավվի թե տեխնիկական, թե սպասարկման որակը։ Զեկուցվել է նաև, որ երթուղային նոր ցանցը նախնական տարբերակով արդեն պատրաստ է և գտնվում է վերջնական քննարկման փուլում: