AM
3 Հոկտեմբեր 2011 - 12:23 AMT

Քաղաքապետարանն ու ՀՀԿ-ն մասնագիտական տոնի առթիվ ուսուցիչներին անվճար բուժզննում են նվիրում

Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը, «Օն Քլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնն ու ՀՀԿ կանանց խորհուրդը կին ուսուցիչների համար անվճար բուժհետազոտության ակցիա են կազմակերպել:

Քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ից 20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 200 ուսուցչուհիներ անվճար բուժզննում կանցնեն բժշկական կենտրոնի կանանց առողջության կաբինետներում: «Դպրոցը նախևառաջ ուսուցիչն է և, ըստ այդմ, նրանց առողջությունն առաջնահերթ է յուրաքանչյուրիս համար: Այսպիսով մենք նաև հերթական անգամ հավաստում ու փաստում ենք մեր վերաբերմունքը մատաղ սերնդի դաստիարակման գործի նվիրյալների հանդեպ, ինչը, վստահ եմ, անչափ կարևոր է նրանց համար: Նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական»,- շեշտել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Այս ակցիայի շրջանակում բուժհետազոտումը ներառում է թերապևտի խորհրդատվություն, ուլտրաձայնային հետազոտում, ինչպես նաև որոշ լաբորատոր հոտազոտություններ: Յուրաքանչյուր ուսուցչի տրվելու է բուժզննման տվյալներով Առողջության անհատական անձնագիր: