Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու ժողովուրդների միջև առկա ջերմ և սերտ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում կրոնների միջև համերաշխ գոյակցությանը, որի ականատեսն է եղել հովվապետական իր այցի ընթացքում: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող քաղաքական բարդ իրավիճակի համար` մաղթելով, որ Աստծո օգնականությամբ Սիրիայի ժողովուրդը հաղթահարի իր առջև ծառացած խոչընդոտները:
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը, հաջողություն ցանկանալով պրն. Հարիրիի դիվանագիտական առաքելությանը, նաև մաղթել է, որ ցավն ու տառապանքը հեռու մնան Սիրիայի ժողովրդից և խաղաղությունը շուտով վերականգնվի երկրում:





