AM
5 Հոկտեմբեր 2011 - 04:08 AMT

Ո՞վ, եթե ոչ մենք, կփրկի մեր վանքերը կործանումից

Հայ երիտասարդների տարբեր խմբավորումներն ու հասարակական կազմակերպությունները բազմիցս փորձել են իշխանությունների, համապատասխան գերատեսչությունների ու նախարարությունների ուշադրությունը հրավիրել պատմամշակութային արժեքների ու վանքերի, սրբավայրերի պահպանության վրա: Նրանք տարբեր ակցիաներ էին կազմակերպում, սլայդշոուներ պատրաստում, պահանջում էին ու խնդրում հոգալ, պահպանել, գոնե` չվնասել հուշարձանները:

Բայց այդ ամբողջը կարծես անհետևանք ու առանց արձագանք մնացին: Թերևս դա է պատճառը, որ երիտասարդները, իշխանություններից հույսը կտրելով, այս անգամ արդեն դիմում են գործարարներին ու հենց նրանց խնդրում հոգալ նույն այդ սրբավայրերի մասին:

Ջուրը, լույս, օդանավակայան, մոլիբդենի հանքեր… այս բոլոր ոլորտներում արդեն մի քանի տարի է արտասահմանյան ներդրումներ են կատարվում և ոլորտները, կարող ենք միանշանակ ասել, հենց այդ ներդրումների շնորհիվ են զարգանում: Գուցե այս անգամ էլ շարունակե՞նք այդ «բարի ավանդույթը», ու եթե հայ գործարարները չարձագանքեն, ինչում գրեթե կասկած չկա, ներդրումներ կատարելու հրավիրենք արտասահմանցի բարերարներին: Նրանք էլ փող կներդնեն, կվերականգնեն… թեկուզ` մուտք փողով դառնա: Երևի դա է միակ ելքը. գոնե այդ ճանապարհով ու այդ գնով դարերից եկածը կպահպանենք ու կփոխանցենք հաջորդ սերունդներին…