Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից է. «Տնտեսական համագործակցության առումով մենք ունենք մեծ չիրացված ներուժ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանում բարեկամ պետությունների հետ համագործակցության և հարաբերությունների զարգացմանը»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ հաստոցաշինության, քիմիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և ֆինանսական ոլորտներում գործակցության ծավալման, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների զարգացման առումով երկուստեք կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։
Շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում և դրա համար անհրաժեշտություն կա ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին: Հարցի առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` անհրաժեշտ տեղեկատվությունը քուվեյթական կողմին տրամադրելու և այդ հարցերը հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:
Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։
ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել Քուվեյթի իր պաշտոնակցին և վերահաստատել Հայաստան այցի հրավերը։





