AM
18 Հոկտեմբեր 2011 - 11:37 AMT

Դիտավան գյուղում կառուցվում է 60 աշակերտի համար նախատեսված դպրոց

Մի քանի շաբաթ առաջ մեկնարկել են Դիտավան գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ ծրագիրը հովանավորում են արգենտինահայ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանները, ովքեր 2007 թվականից սկսած ավելի քան 300մլն ՀՀ դրամի ներդրում են կատարել 120 տնտեսություն ունեցող Դիտավան համայնքում: «Դրվատանքի է արժանի Էքսերճիէան ամուսինների հայրենանվեր գործունեությունը, որի շնորհիվ դիտավանցին ունի խմելու ջուր, գազ, վարչական ու ժամանցի կենտրոն: Դպրոցի կառուցումն էլ եւս մեկ խթան է գյուղի համալիր զարգացման համար»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Կառուցվող երկհարկանի դպրոցը նախատեսված է 60 աշակերտի համար, այն կունենա 8 դասասենյակ, փոքր մարզադահլիճ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ դպրոցն ամբողջովին կահավորել եւ ապահովել համակարգիչներով ու համապատասխան սարքավորումներով: Դպրոցի ջեռուցումն իրականացվելու է գյուղի նորակառույց գազատարից: Դպրոցի առաջին հարկն արդեն կանգնեցված է, ընթացքում են երկրորդ հարկի կառուցման աշխատանքները:

Դիտավանի ներկայիս դպրոցի շենքը 1950-ականներին կառուցված շինություն է` 4 հին մետաղե կցակառույցներով, ուր հաճախում է 42 երեխա: Ութամյա կրթություն ստանալուց հետո աշակերտներն ուսումը շարունակում են հարեւան Ազատամուտ համայնքի դպրոցում, որը գտնվում է Դիտավանից 2 կմ հեռավորության վրա: