AM
19 Հոկտեմբեր 2011 - 04:23 AMT

Վիրտուալ շփումները ոչ միայն սեռական խնդիրներ են առաջացնում, այլև ազատում են բարդույթներից

Հոգեբաններն ու սեքսապաթոլոգները պնդում են՝ վիրտուալ շփումն ավելի նախընտրելի է դարձել, քանի որ այնտեղ մարդիկ իրենց ավելի ազատ ու համարձակ են զգում։ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը օրինակ նշում է, որ վիրտուալ իրականության մեջ սահմանափակվում են միջանձնային հարաբերությունները, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել սեռական բարդ խնդիրների։

Սակայն դեռահասերից շատերը համացանց են մտում հենց իրենց հուզող սեռական, ինչու չէ նաև հոգեբանական խնդիրների լուծման ու հարցերի պատասխանները ստանալու համար։ Այդ կերպ նրանցից շատերն ինքնահաստատվում են, սկսում են չվախենալ հակառակ սեռի հետ շփվելուց, հաղթահարում են հասարակության, միջավայրի ու նաև հենց ծնողների մեղքով առաջացող շփման բարդույթը։

Համացանցային շփումից ու ծանոթություններից հետո հարաբերությունները սկսել են առավել հաճախ տեղափոխվել իրականություն։ Այլ հարց է, որ երբեմն առաջին հանդիպումը լինում է միակը, իսկ հիասթափությունը հաղթահարելը՝ բարդ ու ժամանակատար, քանի որ իրականությունը հաճախ զիջում է երևակայությանը։ Սակայն լինում են նաև ճիշտ հակառակ դեպքեր, երբ համացանցային ծանոթությունների արդյունքում ընկերական, գործնական ու անձնական սերտ հարաբերություններ են հաստատվում, ի վերջո՝ նոր ընտանիքներ են ձևավորվում։

Գիտության ոչ մի նոր նվաճում երբեք միանշանակ չի ընդունվել։ Միշտ եղել են գովաբանողներ ու քննադատողներ։ Համացանցն ու սոցիալական ցանցերն էլ, իհարկե, բացառություն չեն։