AM
19 Հոկտեմբեր 2011 - 09:26 AMT

Գանձասարը սալիկապատողը թքած է ունեցել կառավարական որոշումների վրա. ճարտարապետ

Հանրային խորհրդի հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 5-ին այցելել են Գանձասարի վանք և տեղում ծանոթացել վանքի պարիսպի սալիկապատման աշխատանքերին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը։ Նա նշեց, որ իրենց այդ մասին ահազանգել են դեռևս օգոստոսի 12-ին, սակայն մինչև մեկնելը պահանջվել է որոշակի ժամանակ՝ ուսումնասիրություններ կատարելու և մամուլի արձագանքներին ծանոթանալու համար։

«Ես իմ կարծիքը կարող եմ ասել. դա անթույլատրելի է»,- ասաց Ժասմեն Ասրյանը։ Նա նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում իրենք կհրավիրեն Հանրային խորհրդի նիստ, որի ժամանակ այս հարցով որոշում կկայացնեն։

Վերականգնող ճարտարապետների միության նախագահ Գագիկ Սողոմոնյանը պարիսպի վերականգնողական աշխատանքները համեմատեց հիվանդի հետ՝ նրան անհրաժեշտ է զննություն, ախտորոշում, բուժման նշանակում և հետո նոր բուն բուժումը։ «Գոյություն ունի պետական օրենք, կառավարական մարմիններ, թե ինչպես է պետք վերականգնել հուշարձանը։ Անգամ չեն էլ փորձել խորհրդակցել մասնագետների հետ։ Կամայական մոտեցում են ցուցաբերել, որը հավասար է պետության դռները ոտքով բացելուն»,- ասաց ճարտարապետը։

Մասագետները նշեցին, որ պարիսպը Գանձասարի համար 2-րդական կամ 3-րդական խնդիր է, քանի որ բուն եկեղեցին ունի ամրացման ու վերականգման կարիք։ Գագիկ Սողոմոնյանը նշեց, որ դեռևս 1989 թվականին իրենք վերականգման նախագիծ են ներկայացրել, լուրջ աշխատանք են կատարել, և նախագիծն արժանացել է պետական հավանության, սակայն ուղարկվել է արխիվ և մոռացվել. «Ոչ լսել է մասնագետներին, ոչ ցանկացել է լսել։ Թքած է ունեցել կառավարական որոշումների վրա։ Բնականաբար, առանց օրենքի, առանց մասնագետների կառուցածը պետք է քանդել»։