Սեպտեմբերի 23-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողների մասին: Մայր բուհի 12 ուսանողներ հայտնել էին նախաձեռնությանը, որ բանավոր քննությունների ժամանակ ԵՊՀ մի շարք դասախոսների կողմից դրսևորվում են կամայականություններ, իսկ համալսարանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում անաչառ քննությունների անցկացման ուղղությամբ: «Երեկ ուսանողները հայտնեցին «Չենք լռելու»-ին, որ ԵՊՀ ղեկավարությունը, թեև նախաձեռնությանը դիմած ուսանողների մասին մամուլում զանազան ոչ կոռեկտ կարծիքներ արտահայտելուն (գործից անտեղյակ, անբան մարդիկ, պոռոտախոսությամբ զբաղվողներ և այլն), փաստացի լուծել է խնդիրը` հանձնաժողովների ներկայությամբ քննություններ հանձնելու ևս մեկ շանս ընձեռելով: Բոլոր 12 ուսանողներն էլ ստացել են դրական գնահատականներ»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նրանք նշում են, որ Բոլոնյան գործընթացին անդամակցումն ենթադրում է անցում դեպի քննությունների բացառապես գրավոր համակարգ. «Ինչո՞ւ է Հայաստանում ձգձգվում այդ պրոցեսը` պարզ չէ, սակայն զանազան ենթադրությունների տեղիք է տալիս»:





