2011 թ. սկզբից Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացնում են «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանից դեպի ԵՄ աշխատանքային միգրացիոն հոսքերի կառավարումը: ԵՄ միգրացիոն օրենսդրության ոլորտում հայ պաշտոնյաների գիտելիքները խորացնելու նպատակով հոկտեմբերի 19-20-ը նշված ծրագրի շրջանակներում առաջին անգամ անց է կացվում հատուկ ուսուցում միգրացիոն ոլորտի ԵՄ համաեվրոպական օրենդրության (Acquis) վերաբերյալ։
Կազմակերպիչները հայտնում են, որ ընթացքում են բանակցությունները ԵՄ – Հայաստան շարժունության շուրջ գործընկերության հանաձայնագրի վերաբերյալ, ինչպես նաև առկա է հնարավորություն բանակցություններ սկսելու ԵՄ – Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ: Այս առումով ԵՄ միգրացիոն օրենսդրության վերաբերյալ խորացված գիտելիքների ձեռքբերումը հատկապես ժամանակին է։
«Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագիրը նպատակաուղղված է հայ աշխատավորների շրջանաձև միգրացիայի համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և իրազեկվածության բարձրացմանը միգրացիայի կառավարման ԵՄ օրենսդրությանը հնարավոր մոտարկման մասին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի «Միգրացիայի և ապաստանի ոլորտներում երրորդ երկրների հետ համագործակցություն» թեմատիկ ծրագրի կողմից՝ 1950000 եվրոյի չափով։
ՄՄԿ Հայաստանի առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը նշել է, որ առաջին անգամն է՝ ԵՄ միգրացիոն օրենսդրության թեմայով դասընթաց առաջարկվում միգրացիայի կառավարման ոլորտում ներգրավված կառույցների ներկայացուցիչներին:





