AM
19 Հոկտեմբեր 2011 - 11:52 AMT

Հայաստանը կաշխատի տեղական ժողովրդավարության ամրապնդման եւ տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ

Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Կոնգրեսի նախագահ Կիթ Ուիթմորի ու գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի այսօր Ստրասբուրգում կայացած հանդիպմանը:

Կոնգրեսի ղեկավարները նախ շնորհավորեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կարեւոր հոբելյանների` անկախության 20-րդ տարեդարձի եւ ԵԽ անդամակցության 10-ամյակի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ: Նրանք նկատեցին, որ Հայաստանում տեղական մակարդակով արդեն իսկ ձեւավորված է գործուն համակարգ, եւ հետագա քայլերը պետք է նպատակաուղղվեն դրա առավել կատարելագործմանը:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ կատարված աշխատանքներին եւ խոսեց առաջիկա անելիքների մասին` ընդգծելով, որ դրանք ուղղված են լինելու տեղական ժողովրդավարության ամրապնդմանը եւ տարածքների համաչափ զարգացմանը: Հետագա բարեփոխումների միջոցով նախատեսվում է ընդլայնել համայնքների հնարավորությունները` միաժամանակ բարձրացնելով ՏԻՄ-երի պատասխանատվությունն ու կարողությունները: Այդ ուղղությամբ մի շարք քայլեր իրականացվել են` օրենսդրական փոփոխությունների միջոցով կատարելագործվել եւ բարելավվել է տեղական հարկերի վարչարարությունը, բացահայտվել են սեփական եկամուտների ռեզերվներ` ընդլանելով համայնքների կարողությունները: Սակայն դեռեւս շատ են անելիքները:

Նշվեց, որ տեղական ժողովրդավարության ամրապնդման, ՏԻ համակարգի արդյունավետության բարձրացման եւ ապակենտրոնացված կառավարման խորացման ուղղությամբ լուրջ առաջընթացի հիմքեր կարող է ստեղծել ԵԽ-ի հետ համագործակցության նոր` 2011-2014թթ. քառամյա ծրագիրը: Փոխվարչապետը նաեւ շնորհակալություն հայտնեց Կոնգրեսի ղեկավարությանը` ծրագրի մշակմանը ցուցաբերած աջակցության համար:

Կոնգրեսի ղեկավարները ողջունեցին կատարված աշխատանքները: Բարձր գնահատելով ՀՀ իշխանությունների` ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը` նրանք հավաստիացրին, որ հետագա բարեփոխումներում Հայաստանը Կոնգրեսին կարող է դիտել իր գործընկերը: Նշվեց, որ Կոնգրեսում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված` յուրաքանչյուր երկրի մասով եռամյա կտրվածքով կպատրաստվի տեղական ժողովրդավարության վերաբերյալ մոնիտորինգային զեկույց։ Հայաստանի վերաբերյալ զեկույցը նախատեսվում է 2012թ-ին:

Կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի միջեւ ընդլայնվող համագործակցության առնչությամբ, բարձր գնահատվեց կոնգրեսում Հայաստանի պատվիրակության աշխատանքը: