ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարված հետազոտությունները պարզել են, որ տարածաշրջանում արհեստական վիժեցումների քանակը 25 տոկոսով նվազել է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքը։
«Սակայն մենք ցանկանում ենք պարզել՝ արդյոք այդ թիվը համապատասխանում է իրականությանը, թե պարզապես տեղեկատվության սխալ հավաքագրման արդյունք է»,- ասաց բանախոսը՝ բացատրելով, որ կանայք հիմա ավելի հեշտությամբ կարող են ընդհատել հղիությունը և հաճախ դա վիժեցում չեն համարում։ Հենց սա էլ կարող է արհեստականորեն իջեցնել վիժեցումների ցուցանիշը։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ օգոստոսի ընթացքում իրենք կատարել են տնային տնտեսությունների հետազոտություն վիժեցումների հարցով, և մինչև տարվա վերջ հանրությանը կներկայացնեն արդյունքները։
ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսն իր հերթին նշեց, որ իրենք արձանագրում են վիժեցումների և ծննդաբերությունների ընթացքում մահացությունների թվի նվազում. «Մենք հասել ենք ցանկալի նշակետին։ Պատճառը ծառայությունների որակի բարելավման և մատչելիության մեջ է։ Մեծ դեր ունեն նաև կրթությունը, իրազեկվածությունը։ Կանայք իրազեկված են իրենց իրավունքների մասին։Չի կարելի ասել, թե դա համատարած բնույթ է կրում, բայց առաջընթացը զգալի է»։
Ինչ վերաբերում է երեխայի սեռի հետ կապված վիժեցումներին, բանախոսները նշեցին, որ կանայք հիմնականում այդ հարցում խիստ դիրքորոշում չեն ցուցաբերում, այնինչ տարածաշրջանում հասարակությունը հակված է նախապատվություն տալ տղա երեխաներին։





