AM
20 Հոկտեմբեր 2011 - 08:22 AMT

Կառավարության շենքի դիմաց այսօր միանգամից 4 ցույց էր ընթանում

Այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց ցուցարարների միանգամից 4 խումբ էր հավաքվել։ Մի խումբը պահանջում էր դադարեցնել Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի շինարարությունը, մյուսը՝ արդար դատավարություն մահացած զինվորների գործերով, երրորդ խումբը կրպակների ապամոնտաժմանն էր դեմ, չորրորդները պահանջում էին փոխհատուցում հաշմանդամ օդաչուների համար։

Ցույցերն անցնում էին խաղաղ՝ ոստիկանության աշխատակիցների հանդարտ վերահսկողության ներքո, մինչև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դուրս գալը։ Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսվեց համընդհանուր հրմշտոց։

«Եթե խաղաղ ցույց է, մի խոչընդոտեք, թողեք շարունակեն»,- իրեն շրջափակած ոստիկաններին ասաց Ալիկ Սարգսյանը։ Ոստիկանապետը հեռացավ «ամոթ» բացականչությունների ուղեկցությամբ։

Մի քանի րոպե անց մի խումբ ոստիկաններ մոտեցան և բաժին հրավիրեցին ակտիվ ցուցարարներից մեկին՝ Վարդգես Գասպարիին, որը հրաժարվեց գնալ։ Այնուհետև ոստիկանները բռնի կերպով նրան մտցրեցին ոստիկանության մեքենան և տարան՝ ուշադրություն չդարձնելով ցուցարարների դիմադրությանն ու մեքենան շրջափակելու փորձերին։

«Ալիկ Սարգսյանը մեզ բան չասաց, բայց երևի մեքենայի մեջից զանգել ասել է՝ է՞դ ինչ է կատարվում, հանդարտեցրեք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Մարգարիտ Հակոբյանը։

Վարդգես Գասպարիի համախոհ ցուցարարները, որոնք պահանջում են արդար դատավարություն մահացած զինվորների գործերով, դուրս եկան երթի՝ մի մասը ուղևորվեց դեպի նախագահական, մյուսը՝ ոստիկանության կենտրոնի բաժանմունք, քանի որ Գասպարիին ամենայն հավանականությամբ հենց այնտեղ են տարել։ Այս պահին նախագահի նստավայրն արդեն իսկ շրջափակված է ոստիկանության աշխատակիցների կողմից։