AM
21 Հոկտեմբեր 2011 - 11:35 AMT

Արմեն Գեւորգյանն ու Օլիվեր Ֆիշերը քննարկել են մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում 2011թ. մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Զրուցակիցները քննարկեցին հանրապետությունում իրականացվող մարդահամարի ընթացքին առնչվող հարցեր: Օ. Ֆիշերը տեղեկացրեց, որ հետեւել է գործընթացին եւ տպավորված է ինչպես աշխատանքների բարձր կազմակերպվածությամբ, սահուն ընթացքով, այնպես էլ հաշվարարների պատրաստվածությամբ եւ պատասխանատու աշխատանքով:

Անդրադարձ եղավ նաեւ մարդահամարի արդյունքների ամփոփման հարցերին: Հյուրը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան են ժամանելու ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի մասնագետներ, ովքեր կաջակցեն հայաստանցի գործընկերներին այդ աշխատանքների կազմակերպման հարցերում:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը` մարդահամարի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար: Նա կարեւորեց նաեւ ամերիկյան կողմի օժանդակությունը գործընթացի հաջորդ` արդյունքների ամփոփման փուլին: Նշելով, որ մարդահամարի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը վստահություն է ներշնչում շահագրգիռ կողմերին` Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ կառավարությունն աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` արդյունքների ամփոփման փուլի համար անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: