Այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման 3-րդ փուլը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ձեռքբերման համար 3-րդ փուլի առաջին քննությունը տեղի է ունեցել Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում:
ԿԳՆ-ից հայտնում են, որ հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների 3-րդ փուլին մասնակցելու հայտ են ներկայացրել 339 հավակնորդներ, որոնցից առաջին օրը քննությանը պետք է մասնակցեր 56 թեկնածու: Ներկա են եղել 53 թեկնածուներ, երեքը բացակայել են: Առաջին օրվա մասնակիցներից թեստային փուլը չեն հաղթահարել 16 հավակնորդներ:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցի, քննությունները կկազմակերպվեն հոկտեմբերի 21,25, 26, 27, 28 և 29-ին: Քննությունների սկիզբը ժամը 9.00-ին:
Նախորդ երկու փուլերին մասնակցել են 1344 հավակնորդներ, որնցից հանարկրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացել են` 1154-ը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացն սկսվել է այս տարվա փետրվարից:





