Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:
Դատախազությունից հայտնում են, որ որոշումը հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ:
2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Րաֆֆու փողոցի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ և վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի և Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Մակվեցյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով և 322-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք ևս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսևորելով և իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է քաղաքացի Պարգև Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաև` քահան Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետևորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:
Ա. Մակվեցյանը, հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին և Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:
Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը և նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով և 143-րդ հոդվածի 1-ին մասով:





