2012 թվականի փետրվարի առաջին կեսին հայտնի կդառնա՝ hանրապետությունում մարդահամարի աշխատանքների ամփոփման արդյունքում քանի մարդու մասին տվյալներ կան, իսկ սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին կհրապարակվեն նախնական տվյալներ առկա և մշտական բնակչության թվաքանակի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ մարդահամարի բուն հաշվառման գործառույթն ավարտվել է, սակայն դեռևս ընթացքի մեջ է վերահսկիչ ընտրանքային հաշվառումը։
«Ընդունված պրակտիկա է հայտարարությամբ դիմել քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառներով չեն հանդիպել հաշվարարին։ Նախապատրաստել ենք հայտարարությունների տեքստ՝ կոնտակտային հեռախոսահամարներով, որ մինչ հոկտեմբերի վերջը այդ բացը ևս լրացվի»,- ասաց բանախոսը։
Կարինե Կույումջյանը նշեց, որ հաշվառում իրականացվել է նաև մանկատներում, ծերերի և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններում, կալանավայրերում։ Իսկ ժամկետային զինծառայողների հաշվառումը կատարվել է նրանց տնային տնտեսություններում. զորամասերում հաշվառվել են միայն իրենց տնային տնտեսությունների հետ այնտեղ բնակվող զինվորականները։





