Երևանում կառուցվող նոր թաղամասերի մեծ մասը չունեն կենտրոնացված կոյուղի և ջրամատակարարում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երևան ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը։ «Օրինակ՝ Բագրևանդ, Նոյ, Դուրյան փողոցի մոտ, Ջրվեժ չհասած նոր թաղամաս է կառուցվում։ Մեղավոր են հող վաճառողները, որ նախորոք չեն մտածում կոմունիկացիաների անցկացման մասին։ Մարդիկ հող են գնում և կանգնում են փաստի առաջ՝ ջուր, գազ, լույս, կոյուղի. ոչինչ չկա։ Եվ ստիպված սկսում են ինքնագործունեությամբ զբաղվել, սարքել շատ փոքր խորությամբ, որոնք շատ հեշտությամբ վնասվում են»,- ասաց բանախոսը։
Նա հավելեց, որ դրանից հետո իսկական խառնաշփոթ է սկսվում, քանի որ բնակիչները իրենց են ահազանգում, սակայն այդ «ինքնագործունեության հետևանքները» իրենց վարձակալության տակ չեն գտնվում, և իրենք դրա համար պատասխանատու չեն։
Բանախոսը նշեց, որ օրենքով պահանջվող պայմանները պահպանվում են միայն քաղաքի կենտրոնում։ Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային, ապա այնտեղի կոյուղին ու ջրագծերը փաստացի ոչ մեկին չեն պատկանում. «Տերը հայտնի չէ, իսկ մեզ չեն հանձնել։ Մենք սպասարկում ենք, բայց միայն չնչին խնդիրների դեպքում»։





