AM
24 Հոկտեմբեր 2011 - 10:30 AMT

Երևանում կոյուղու համակարգում տարեկան գրանցվում է 10 հազար վթար

Երևան քաղաքում մեկ տարում կոյուղու համակարգում լինում է մոտավորապես 10 հազար վթար, իսկ ամենախոցելին փոքր տրամագծով խողովակներն ու մաքրման կայանն են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երևան ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը։ Նա նշեց, որ վերջին մի քանի տասնյակ տարիներին կոյուղու համակարգում խոշոր ներդրումներ չեն եղել։

«Մաքրման կայանն աշխատում է ընդամենը 5 տոկոսով։ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև արդեն իսկ կա վարկային ծրագիր, որի առյուծի բաժինը կգնա հենց մաքրման կայանի վերակառուցմանը, բայց ժամկետներ դեռևս նշել չեմ կարող»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ բոլոր համայնքներն էլ որոշակի խնդիրներ ունեն։ Փոքր տրամագծերի մասով խոցելի են Շենգավիթ, Շահումյան և Էրեբունի վարչական շրջանները, իսկ մեծ տրամագծերը խնդիր են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքների համար։ «Կոնկրետ հարց, կոնկրետ խնդիր, կոնկրետ վարչական շրջան»,- մանրամասնեց Կարապետ Օհանյանը։

Բանախոսը նշեց, որ իրենք չունեն հստակ տվյալներ՝ կոյուղու քանի տոկոսն է վնասված, սակայն կարող է ասել, որ իրենց ներդրումների կեսն ուղղվում են հենց կոյուղու վերականգնմանը. «2011 թվականին ներդրել ենք 300 միլիոն դրամ, 2012-ին ավելի շատ կներդնենք»։