AM
24 Հոկտեմբեր 2011 - 10:40 AMT

Հրաչյա Պետրոսյան. Թուրք սեյսմոլոգները ուժեղ երկրաշարժ չեն կանխատեսում

Թուրքիայի Վան քաղաքում երեկվա մեծ երկրաշարժին արդեն իսկ հաջորդել է 247 հետցնցում։ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ դա բնական երևույթ է այդքան մեծ երկրաշարժի համար. «Բոլոր ուժեղ երկրաշարժերից հետո տեղի են ունենում բազմաթիվ հետցնցումներ։ Դա կարող է տևել շաբաթներ կամ անգամ ամիսներ։ Տեղի է ունենում օջախոմ կուտակված էներգիայի ազատում»։

Պետրոսյանը նշեց, որ հետցնցումներից ամենաուժեղը, իր տվյալներով, հասել է 6.0 մագնիտուդի. «Այն փաստը, որ հետցնցումները ավելի թույլ են, քան գլխավոր ցնցումը, հուսադրող է։ Թուրք սեյսմոլոգները նույնպես ավելի ուժեղ ցնցում չեն կանխատեսում»։

ՀՀ առանձին մասերում հետցնցումները զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։ «1-2 հետցնցում ՀՀ տարածքում զգացվել է, բայց դրանք անհամեմատ թույլ են եղել։ Հաշվի առնենք այն փաստը, որ էպիկենտրոնը մեր ամենամոտ սահմանից հեռու է մոտ 140 կմ»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը։