«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության խորհրդի անդամները նախօրեին չնախատեսված հանդիպում են ունեցել պաշտպանության փոխնախարար Վ. Գասպարյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:
Նախաձեռնությունից հայտնում են, որ իրենց անդամները բարձրացրել են նախազորակոչային շրջանի և բանակում տիրող վիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, մասնավորապես, համակարգում առկա ահռելի չափերի հասնեղ կոռուպցիայի, թալանի, բազմաթիվ հրամանատարների կողմից զինվորի կյանքի, նրա ճակատագրի հանդեպ սրտացավ, հոգատար վերաբերմունքի բացակայության, բոլոր օղակներում հանդիպող աղաղակող խտրականության, հանցավոր սովորույթների դեմ պայքարի պակասի և բժշկական հանձնաժողովների աշխատանքի հետ կապված խնդիրները:
Համատեղ որոշում է ընդունվել սկսել բանակի արատավոր երևույթների դեմ պայքարի աննախադեպ միջոցառումների շարք` հասարակական լայն շերտերի օգնությամբ: Այդ պրոցեսը նախաձեռնությունը որոշել է անվանել Բանակի առողջացման երիտասարդական շարժում: «Չենք լռելու»-ի կազմում արդեն ստեղծվել է բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբ, որը ցանկացած ժամի ցանկացած զորամաս այցելելու հնարավորություն կունենա:
Խմբի գլխավոր սկզբունքը լինելու է ստացված ահազանգերի հիման վրա զորամասերում առկա համակարգային խնդիրները վերհանելը և ՊՆ-ին դրանց լուծման պահանջ ներկայացնելը: «Չենք լռելու»-ն վերահսկողություն է սահմանելու իր կողմից բարձրացված հարցերի լուծման վրա և իրազեկելու է հասարակությանը դրա ընթացքի վերաբերյալ:
«Այսօրվանից նախաձեռնությունում գործելու է թեժ գիծ` զինված ուժերում ապօրինությունների և արատավոր երևույթների մասին ահազանգներ ստանալու համար: Ցանկացած ահազանգի հետքերով «Չենք լռելու»-ի` Բանակում առկա խնդիրների ի հայտ բերման խումբը անհապաղ կայցելի ցանկացած զորամաս, զինկոմիսարիատ կամ բուժհիմնարկ և, հայտնելով ՊՆ-ին առկա խնդրի մասին, կվերահսկի դրա լուծման ընթացքը: Խումբը, կետայիններից բացի, ի հայտ կբերի նաև առկա համակարգային խնդիրները»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Համաձայն Վ. Գասպարյանի հեռ ձեռքբերված պայմանավորվածության, սպասվող զորակոչի ընթացքում խումբը պարբերաբար կայցելի նաև կենտրոնական հավաքակայան և կվերահսկի զինվորների` ըստ զորամասերի բաշխման պրոցեսը (այդ պրոցեսի վերահսկումն օրեր առաջ անհնար էր համարել մեկ այլ փոխնախարար` Դ. Տոնոյանը):
«Չենք լռելու»-ն հայտնել է Վ. Գասպարյանին, որ հավաքման փուլում են գտնվում փաստեր` կապված բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականների խայտառակ վարքուբարքի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու հետ, որոնք շուտով հրապարակելու է: Վ. Գասպարյանը հավաստիացրեց, որ ոչ մի բացահայտում անարձագանք չի մնա:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է հասարակության լայն շերտերին` «հանուն մեր տղերքի հանգիստ ծառայելու», (055) 211-529 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով հայտնել զինված ուժերի համակարգում իրենց հայտնի կոնկրետ ապօրինությունների դեպքերի մասին: Այս գործում «Չենք լռելու»-ն հատկապես կարևորում է նոր զորացրվածների մասնակցությունը: Ցանկություն հայտնելու դեպքում, կպահպանվի նախաձեռնությանը դիմած անձի գաղտնիությունը:





