Իսկ դուք եղե՞լ եք Մաշտոցի պողոտայի 5/2 հասցեում գտնվող Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում։ Այն ավերակ է, քարուքանդ մի շինություն, որի պատուհանները թույլ քամուց անգամ դղրդում են, իսկ հավաքարարները խուսափում են դրանք լվանալուց. կոտրվելու վտանգը շատ է մեծ։
Գետնին փայտե մանրահատակ է եղել, որը հիմա սև է ու տեղ-տեղ «կարկատված»։ Իսկ շենքի անկյունային հատվածներում մանրահատակ ընդհանրապես չկա. ցեմենտբետոնե ծածկը բաց է ու սառը։
Երեխաները ճաշարան գնում են նախկին սանհանգույցի տարածքով. գետնին պարզորոշ եզրագծվում են նախկին զուգարանակոնքերը, որոնք բետոնով են լցված։ Իսկ պատերին ու առաստաղին հսկայական սարդեր են շրջում՝ հենց ճաշարանի մուտքի մոտ։
Առջևում ձմեռ է, իսկ Երևանի կենտրոնում գործող քառահարկ դպրոցում չկա ջեռուցում։ Անհնար է պատկերացնել՝ ինչպես են տաքացնելու այդ հսկայական շենքը, որ գիտելիք ստանալու համար դպրոց եկած 400 երեխաները չցրտահարվեն։
Դասերից հետո, երբ դպրոցը դատարկվում է, և երեխաների ձայները լռում են, թվում է՝ մի քանի տարի է այնտեղ մարդ չի եղել։ Հարց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ իսկ Դուք եղե՞լ եք Մաշտոցի պողոտայի 5/2 հասցեում գտնվող Տ. Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում։





