AM
26 Հոկտեմբեր 2011 - 11:45 AMT

«Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» բնակարան է նվիրել 3 հայ ընտանիքների

«Միլարդ Ֆուլերի հիշատակի կառույց 2011» ծրագրի շրջանակներում «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» աջակցում է 3 հայ ընտանիքների ՝ Ղազարյաններին և Ավետիքյաններին՝ Լոռու մարզից, և Գյոզալյաններին՝ Արմավիրի մարզից, հաղթահարել տնազրկության շեմը և հնարավորություն ընձեռում օգտվելու տուն ունենալու իրենց իրավունքից։

«Միլարդ Ֆուլերի հիշատակի կառույց» ծրագիրը, որն անվանվել է Միլարդ Ֆուլերի՝ «Habitat for Humanity» և «Fuller Center for Housing» կազմակերպությունների հիմնադրի հիշատակին, ամենամյա, միջազգայնորեն ընդունված «կառուցման շաբաթ» է, որի նպատակն է ցույց տալ, թե որքան մեծ է այսօր պարզ, հարմարավետ և մատչելի տուն ունենալու կարիքը։

Այս ընտանիքներն երկար ժամանակ ապրել են ժամանակավոր տնակներում, քանի որ չեն կարողացել ավարտին հասցնել իրենց տների շինարարությունը ֆինանսական խնդիրների պատճառով՝ ամեն օր երազելով ավելի բարվոք կյանք իրենց երեխաների համար։ «Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ մի օր իմ երեխաները կունենան իրենց տունը։ Սա հրաշքի պես մի բան է։ Դժվարանում եմ խոսքերով արտահայտել այն, ինչ զգում եմ»- ասում է Լաուրա Գյոզալյանը, 32-ամյա այրին, որ ստիպված է այժմ միայնակ մեծացնել իր երեխաներին, քանզի ամուսինը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի, սակայն անսպասելի մահացել էր այնտեղ։

Այս տարի «Ֆուլեր Կենտրոնի» գործընկերները ԱՄՆ-ում և ողջ աշխարհում նպատակ են դրել աջակցել ևս 100 ընտանիքների՝ կառուցելու պարզ և հարմարավետ տներ՝ հետևելով Միլարդի տեսլականին։