Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Միխայել Փոսթլի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Վիեննայի միջև համագործակցության հնարավոր ուղղություններ: «Պատրաստ ենք բաց քննարկման և հետևողական ենք նախորդ պայմանավորվածությունների ու համատեղ ծրագրերի իրականացման հարցում: Պատրաստ ենք բանակցել բոլոր կառուցողական ծրագրերի շուրջ՝ ցանկացած ուղղություններով»,-վերահաստատել է Կարեն Կարապետյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքային տնտեսության բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտներում, քաղաքապետը անդրադարձել է դեռևս փետրվարին Երևանի և ավստրիական «Սվարկո ԷՅՋԻ» ընկերության միջև կնքված պայմանագրին, որը նպաստելու է Երևան քաղաքում ժամականակից, ապահով ու մատչելի ճանապարհային երթևեկության կարգավորմանը և անվտանգության համակարգի ներդրմանը, ինչպես նաև հայտարարված աղբահանության մրցույթին ավստրիական MUT կազմակերպության մասնակցության հայտին:
ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Միխայել Փոսթլը պատրաստակամություն է հայտնել դեսպանության միջոցով կազմակերպել հանդիպումներ և շնորհանդեսներ ավստրիական գործարար շրջանակների հետ և ներկայացնել Երևանի բիզնես հնարավորությունները՝ համագործակության նպատակով:





