Ամենուր ու անընդհատ լսում ենք հետևյալ արտահայտությունները՝ «ևս 3 հայ ընտանիք ապահովվեց բնակարանով» կամ «ևս 40 մեքենա հայ ընտանիքների բարեկեցության համար», «հայ գյուղացին կապահովվի ավելի լավ որակի պարարտանյութով» կամ «երիտասարդ հայ ընտանիքները կստանան վարկեր ավելի ցածր տոկոսադրույքներով»։ Վստահ եմ, որ այդ արտահայտությունները ամեն պատեհ ու անպատեհ առիթներով ասողները բնավ չեն էլ հասկանում, որ դրանով խիստ վիրավորում են Հայաստանում բնակվող եզդիներին, ասորիներին, ռուսներին, արհամարում նրանց էթնիկական պատկանելիության հարցը ։
Հայն ու հայաստանցին նույնը չեն։ Նույն աղետի գոտում բազմաթիվ եզդի, ասորի ու մալական ընտանիքներ կան, որոնք զրկվել են կացարանից և որոնք այսօր բնակարան են ստանում։ Գյուղերում էլ միայն հայեր չեն բնակվում։ Հայաստանի քաղաքացի երիտասարդ եզդի ընտանիքն էլ կարող է բնակարան գնելու համար վարկ ստանալ։
Իրականում այդ խտրականությունը չկա և չի էլ կարող լինել, քանի որ ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիների իրավունքները սահմանելիս էթնիկական խտրականություն չի դնում։ Սակայն արհեստականորեն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը մենակ հայերի համար է ու եթե Հայաստանում ես ապրում, ուրեմն հայ ես։





