AM
28 Հոկտեմբեր 2011 - 04:36 AMT

Էլ ո՞վ կփրկի գտածոն, եթե ոչ փեսացուն` «Փեսացուն կրկեսից»

Դեռ մեկ տարի առաջ բոլորս շտապում էինք կինոթատրոն` «պահանջված միլյոնատիրոջ» սիրային պատմությանը հետևելու, նրա հսկայական անհաջողություններին ու փոքրիկ հաջողություններին ականատես լինելու: Եվ արդեն այսօր նույն ֆիլմի ստեղծագործական և պրոդյուսերական թիմը մեր դատին է հանձնում «Փեսացուն կրկեսից» նոր հայկական կատակերգությունը:

Նոր ֆիլմում հերոսը` Նարեկը (Հովհաննես Ազոյան) անասնաբուժ է, որն աշխատում է կրկեսում, և գալիս է ծանոթանալու իր հնեաբան ընկերուհու ծնողների հետ (հոր դերում` Սերժ Ավետիքյան): Եվ, իհարկե, հենց այդ պահին սկսվում է անհաջողությունների անվերջանալի շղթան:

Հեղինակներն երևի իրենք էլ են զգացել` որքան նման է սյուժեն «Ծանոթություն Ֆաքերների հետ» հանրահայտ ամերիկյան ֆիլմին, և դրվագներից մեկում հերոսները հենց այդ կինոնկարն են դիտում` այն հատվածը, երբ կոտրվում է աճյունի փոշիով սափորը: Այս հատվածն ամենևին պատահական չէ ընտրված, քանի որ սափորին հայկական տարբերակում էլ է «գլխավոր դերը հատկացված»: Այս անգամ սափորը գտածո է, որը 3000 տարի պահել-պահպանել է Արա Գեղեցիկի ու Նուարդի անդավաճան սիրո խորհրդանիշը և որով հետաքրքրված է մաֆիան:

Ինչի՞ մասին է ֆիլմը: Միանշանակ` սիրո: Նաև` ազնվության, բարության ու ներողամտության: Իսկ Արա Գեղեցիկի ու Շամիրամի մասին փոքրիկ պատմական ակնարկը «հայկական շունչ» է հաղորդում: Այն հետաքրքիր կլինի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են 1.5 ժամ կտրվել առօրյա հոգսերից և ծիծաղել անհաջողակ ծաղրածուի` փեսայի վրա: Ի դեպ, ֆիլմը դեռ ամենաքիչը մեկ շաբաթ կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում` օրական 4 անգամ: