«Ժառանգություն» խմբակցությունը տարածել է Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը, որում նա ամփոփում է հերթական քառօրյան. «Հերթական անգամ կառավառությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց այնպիսի օրինագծեր, որոնք, չնչին բացառությամբ, պարունակելով կամայական մեկնաբանություններ և կոռուպցիոն ռիսկեր, սպասարկում են նեղ խմբակային շահերը, խորացնում սոցիալական բևեռացումը, անհիմն սահմանափակում մարդու իրավունքներն ու ազատությունները»։
Նա նշում է, որ «Ժառանգություն» խմբակցությունը տարիներ շարունակ ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություններ և առաջարկներ, որոնց ընդունումն ու իրականացումը կբերի աղքատության նվազեցմանը և երկրի բնականոն զարգացմանը։
«Ամեն անգամ «բյուջեում փող չկա» սեփական անկարողության մասին վկայող պատճառաբանությամբ, Կառավարությունը և Ազգային ժողովի իշխանական կոալիցիան մերժում են դրանք։ Միաժամանակ, խրախուսվել և խրախուսվում են «մարտիմեկյան» գործընթացը ապօրինաբար վարողներն ու քաղաքական պատվեր կատարողները»,- գրել է պատգամավորը։
«Ժառանգություն» խմբակցությունն իշխանություններից պահանջում է 2012թ. պետական բյուջեում սոցիալական ոլորտի ծախսերը նախատեսել կյանքի բնականոն պայմաններ ապահովող ընտանեկան նվազագույն բյուջեի չափի հիման վրա, վերջապես մշակել բոլոր ոլորտների համար նախատեսված վարձատրության ընդհանուր սանդղակ, վերջ դնել համակարգային բնույթ կրող կոռուպցիային և հանդես գալ այնպիսի բյուջեով, որն իրականում կապահովի երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը։ «Մենք իշխանություններից պահանջում ենք վերջ տալ ապազգային քաղաքականությանը կամ խոստովանել սեփական անզօրությունն ու հրաժարական տալ»,- եզրափակել է նա։





