ՀՀ ՊՆ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, հոկտեմբերի 18-ից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, ըստ որի ԶԼՄ-ներում տարբեր կերպ շրջանառվող տեղեկությունները, թե իրեն «ձերբակալել են կաշառք վերցնելու պահին», չեն համապատասխանում իրականությանը: Իսկ «ևս մեկ կաշառակեր հայտնվեց ճաղերի ետևում»-ի տիպի արտահայտությունները մամուլում նպատակ են հետապնդում արատավորելու իր բարի անունն ու համբավը:
«Մի կողմ թողնելով այն, որ ինձ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ շինծու է, նման հրապարակումները խախտում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածը: Համոզված եմ` գործի քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, իսկ այս պահի դրությամբ ինձ ընդամենը առաջադրվել է կաշառք վերցնելու մեղադրանք, ընդ որում` որևէ կերպ չհիմնավորված»,- հայտարարել է Վաղինակ Հովհաննիսյանը:





