Բնապահպաններն ու «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» խումբը ամիսներ շարունակ համառորեն պայքարում էին Թռչկան ջրվեժի տարածքում` Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի դեմ։ Նրանք ցույցեր էին կազմակերպում, հանդիպում բնապահպանության նախարարի հետ, գիշերում Թռչկանի մոտ, հավատում, որ «Թռչկանը չի լռելու»… Եվ այս ամենն անում էին անշահախնդիր՝ սիրելով իրենց հայրենիքն ու նրա բնությունը։
Եվ ահա արդեն երեկ շինարարություն իրականացնող «Ռոբշին» ՍՊԸ-ն, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով հայտարարեց Թռչկան ջրվեժի տարածքում` Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի շինարարության դադարեցման և տեխնիկայի դուրսբերման մասին։
Սա, իրոք, հաղթանակ է։ Թռչկանի, նրա փրկության համար պայքարողների ու բոլոր հայաստանցիների հաղթանակն է։ Այն վերակենդանացնում է վաղուց մարած հույսը, որ դեռ ամեն ինչ կորած չէ, Հայաստանում դեռևս հնարավոր է պայքարել հանուն ինչ-որ բանի, հանուն հենց նույն Հայաստանի։ Սա այն եզակի օրինակներից է, երբ ակտիվիստների ու նախարարության համագործակցությունը շոշափելի արդյունք է տալիս։
Հուսանք, որ շինարարությունն իսկապես կդադարեցվի, և ակտիվիստների հեռանալուց հետո չի վերսկսվի…





