Պատահարների գրանցման գործընթացը և մեքենաները դեպքի վայրից տեղափոխելը միջինը տևում է 2-3 ժամ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ հենց դա է պատճառը, որ քաղաքում հաճախ կարելի է միաժամանակ նկատել 3-4 պատահար։
«Մենք առաջարկություն ենք արել արդեն, որ ինչ-որ կերպ հեշտացնենք ձևակերպման գործընթացը։ Ե°վ կառավարության որոշումների մեջ, և° օրենքների մեջ փոփոխություններ կարվեն»,- ասաց բանախոսը։ Նա որպես լուծում առաջարկեց, որ դեպքի վայր բոլորից շուտ հասնող ՃՈ աշխատակիցներն իրենք լուսանկարեն պատահարը։ Այդ լուսանկարներն ու 2 վարորդների ցուցմունքներն էլ հետագայում ԱՊՊԱ գործակալությունների համար հիմք կծառայեն մեղավորին պարզելու գործընթացում։
«ԱՊՊԱ-ի ներդրումով ոչ թե պատահարները շատացան, այլ բոլոր պատահարների դեպքում այժմ վարորդները կանչում են ոստիկան, կանչում են ԱՊՊԱ գործակալ և պատահարը գրանցվում է»,- նշեց Նորիկ Սարգսյանը։





