AM
1 Նոյեմբեր 2011 - 10:25 AMT

Երևանում կքննարկեն երեխաների սնուցման հետ կապված խնդիրները

Նոյեմբերի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Վորլդ Վիժն Հայաստանի և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, կազմակերպում է «Սնուցման հետ կապված խնդիրները Հայաստանում. բարելավման անհրաժեշտություն» թեմայով հանրային քննարկում:

Վորլդ Վիժն Հայաստանից հայտնում են, որ ըստ «The Lancet» բժշկական ամսագրի տվյալների` այսօր ամբողջ աշխարհում տարեկան մոտ 3 մլն երեխա մահանում է համապատասխան սնուցման բացակայության անուղղակի ազդեցության պատճառով, որոնց թիվը կարելի է նվազեցնել սնուցումը բարելավելու միջոցով:

Համաձայն Վորլդ Վիժն Միջազգայինի սնուցման վերաբերյալ հաշվետվության` սոցիալական իրավիճակի ներկայիս պայմաններում կարևորագույն նշանակություն է ստանում ծնողների/խնամակալների շրջանում երեխաների սնուցման ճիշտ գործելակերպի և հմտությունների ձևավորումը: Կյանքի առաջին 1000 օրերը` հղիությունից մինչև երկու տարեկանը, որոշիչ են երեխայի կյանքի ընթացքի համար: Պատշաճ սնուցումը յուրաքանչյուր երեխայի առողջ աճի ու զարգացման գրավականն է: Միաժամանակ թերսնուցման և սնուցման այլ խանգարումների վերացմանն ուղղված միջամտությունները հանդիսանում են ոչ միայն առողջապահական, այլև գյուղատնտեսական, կրթական, սոցիալական և այլ ոլորտային խնդիր:

Քննարկման գլխավոր խոսնակն է ՀՕՖ-ի կողմից հրավիրված Նյու Յորքի Կոլումբիա բժշկական համալսարանի սնուցման ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ռիչարդ Դեքելբաումը, որը կներկայացնի «Գեր և թերսնուցմամբ պայմանավորված ծախսերի կրկնակի բեռը» զեկույցը: