AM
2 Նոյեմբեր 2011 - 05:25 AMT

Բնապահպանները կփորձեն ոստիկաններին նորից համոզել միասին պայքարել մեքենաներից արտանետվող գազերի դեմ

Հայաստանում ոչ ոք չի վերահսկում մեքենաներից արտանետվող վնասակար գազերը։ PanARMENIAN.Net-ն անդրադարձել էր այս հարցին, գրել, որ արդեն 5 տարի է կա օրենք, կա կառավարության որոշում և կա այն վերանայելու գրություն, բայց չկա մեքենաներից մթնոլորտ արտանետվող գազերը վերահսկող մարմին։

Ըստ օրենքի, պատասխանատու են բնապահպանները։ Բայց վերջիններս ասում են, թե գործ չեն անում, քանի որ իրենց պետք է օգնեն ոստիկանները (ըստ կառավարության որոշման)։ Ոստիկաներն իրենց հերթին հրաժարվում են կատարել բնապահպանների գործը։

Դեռևս 2006 թվականին ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է ստորագրել հրամանի նախագիծը, «քանի որ դրա նորմատիվ հիմքերի միջև առկա են էական հակասություններ»: Պարզ ասած՝ ոստիկանությունը հրաժարվում է կատարել բնապահպանական տեսուչների օրենքով նախատեսված պարտականությունները և առաջարկել է կառավարությանը վերանայել որոշումը։

PanARMENIAN.Net-ը փորձեց բնապահպանության նախարարությունից պարզել՝ ինչու 2006 թվականից ի վեր ոչինչ չի արվել հարցը շտկելու համար։

«ՀՀ Կառավարության «ՀՀ-ում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման ընդունումից առաջ դրա նախագիծը սահմանված կարգով համաձայնեցվել է ոստիկանության հետ։ Ոստիկանությունն առարկություններ չի ունեցել»,- հարցմանն ի պատասխան գրել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Փիրումյանը։

Նա հավելել է, որ միայն որոշումն ընդունելուց հետո է նախագիծը մերժվել ոստիկանության կողմից։ Այսինքն՝ ասել են՝ կստորագրենք, բայց չեն ստորագրել… Իսկ կատարողական բնույթի գործառույթներն արդեն իսկ դրված են ոստիակնության աշխատակիցների վրա՝ «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով ու Կառավարության N 2410-Ն որոշմամբ։

«Ձեր կողմից բարձրացված հարցն այսօր, մասնավորապես Երևան քաղաքում, դարձել է շատ արդիական։ Մենք մեկ անգամ ևս կփորձենք դիմել ՀՀ ոստիակնությանն այդ աշխատանքները համատեղ իրականացնելու առաջարկով»,- գրել է Փիրումյանը՝ խոստանալով դրական արդյունքների մասին լրացուցիչ տեղեկացնել։

Հուսանք՝ արդյունքներն իրոք դրական կլինեն, և 5 տարվա ընդմիջումից հետո սայլը վերջապես տեղից կշարժվի։