Հոկտեմբեր 31-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի Ասիզի քաղաքում տեղի է ունեցել «Բնապահպանությունն ու կրոնները» միջազգային-միջկրոնական կազմակերպության «Կանաչ Ուխտատեղիների ցանցի» հանդիպումը` Անգլիայի Նորին Արքայական Գերազանցություն Արքայազն Ֆիլիպի հովանավորությամբ և աշխարհի տարբեր երկրներից եկած քրիստոնյա, մահմեդական, հրեական, հինդուական, բուդիստական, դաոիստական, շինտուական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հավաքը նպատակ էր հետապնդում խթանել Կանաչ ուխտագնացությունը, նոր ուղիներ փնտրել և համատեղ ծրագրերի համար կապեր հաստատել:
Միջոցառումները սկսվել են հոկտեմբեր 31-ին Սուրբ Ֆրանցիսկ Ասիսացու սրբատեղի տաճարի մոտից սկսված թափորով և միջկրոնական աղոթքի արարողությամբ։ Նոյեմբերի 1-ին և 2-ին հավաքի մասնակիցները բանախոսություններ են լսել «Կանաչ ուխտատեղի» թեմայով, ներկայացվել են ծրագրեր ու այս ուղղությամբ կատարվող աշխատանքներ:
Միջոցառումներին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց և Էջմիածնի քաղաքապետարանից մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրանսենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպս Մանուկյանը, Կլոր Սեղան բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտ. Կարեն Նազարյանը և Էջմիածնի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Սամվել Մադոյանը, որոնք մասնակիցներին ներկայացրեցին` «Էջմիածինը` որպես կանաչ ուխտատեղի» համալիր ծրագիրը:





