AM
2 Նոյեմբեր 2011 - 12:15 AMT

Ո՞վ է տարածում ապատեղեկատվություն. դասախոսները, թե համալսարանը

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԱՔԴ/2034/02/10 քաղաքացիական գործով 11.05.2011թ. վճռի համաձայն որոշվել է`12 դասախոսներին վերականգնել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում զբաղեցրած նախկին պաշտոններում, «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամից հօգուտ դասախոսների բռնագանձել միջին աշխատավարձ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, հօգուտ հայցվորների բռնագանձել պակաս վճարված արձակուրդների գումարները: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ 22.09.2011 թվականին:

Օրերս հայցվոր դասախոսները տարածել էին հաղորդագրություն՝ նշելով, որ չնայած նրան, որ “Հայաստանում ֆրանսիական համալսարան” հիմնադրամի որոշ աշխատակիցների կողմից նախաձեռնվեցին հանդիպումներ` հեռացված դասախոսների վերականգման կազմակերպչական հարցերը քննարկելու կապակցությամբ, սակայն պարզ է դարձել, որ համալսարանն իրականում մտադրություն չունի վերականգնելու նրանց:

Համալսարանը վճարել է միայն արձակուրդների գումարները, իսկ պարապուրդների գումարները չի վճարել: Պարապուրդների գումարները վճարել է միայն այն վերականգնված դասախոսներին, ովքեր դիմում են ներկայացրել աշխատանքից ազատվելի մասին: Արդեն այսօր ՀՖՀՀ-ն տարածել է հաղորդագրություն, նշելով, որ «մի խումբ դասախոսների կողմից մամուլում տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Համալսարանի ռեկտորի 2011թ. հոկտեմբերի 17-ի թիվ 142 հրամանով, ի կատարումն Քանաքեռ-Զեյթուն շրջանի ընդահանուր իրավասության դատարանի վճռի, ՀՖՀՀ 12 դասախոսներ վերականգնվել են իրենց նախկին պաշտոններում: Նրանց նաև վճարվել են դատարանի որոշմամբ սահմանված գումարները: Այսպիսով, ՀՖՀՀ-ն ամբողջությամբ կատարել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բոլոր պահանջները»:

Նշվում է, որ վերոնշյալ դասախոսներից ութը վերականգնվելուց հետո առայսօր համալսարան չեն ներկայացել և չեն կատարել իրենց աշխատանքային պայմանագրերով սահմանված պարտականությունները:

«Ցավալի է, որ նշված ութը դասախոսները իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն զբաղվում են ապատեղեկտվության տարածմամբ և համալսարանի վարկաբեկմամբ»,- գրել են համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից: