Կադրային փոփոխությունները պետք է դիտարկել նախընտրական համատեքստում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հյատարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով ԱԺ խոսնակի ու ոստիկանապետի հրաժարականները: Ըստ նրա, ոչ մեկը, ոչ մյուսը չեն ազատվել պաշտոններից լուրջ խնդիրների պատճառով: Մինասյանը նշել է, որ հավանաբար, կադրային փոփոխությունները կապված են իմիջի և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ:
«Կարծում եմ, ոչ իշխանությունները, ոչ ՀՀԿ-ն չեն թաքցնում այդ վերադասավորումների իրական նպատակը և այն, որ դեռ կլինեն որոշ ներքաղաքական ու կազմակերպչկան փոփոխություններ»,-ասել է Մինասյանը:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:





