AM
2 Նոյեմբեր 2011 - 14:29 AMT

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև նոյեմբերի 30-ը ավարտել ճանապարհաշինության տարեկան ծրագրերը

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում 2011թ. ասֆալտապատման ծրագրերով նախատեսված աշխատանքները հիմնականում արդեն ավարտվել են։ Քաղաքապետարանից հայտնում են, որ ասֆալտապատվել է ընդհանուր առմամբ 269 փողոց` շուրջ 672 հազար ք/մ մակերեսով: Զուգահեռաբար կատարվել են 313 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:

Բացի այդ վերակառուցվել է 50 հազար 618 ք/մ գրունտային ճանապարհ: Ավարտվել են նաև Դավիթ Բեկի փողոցի վերակառուցման առաջին փուլով նախատեսված աշխատանքները: Ընդհանուր հաշվարկով ծախսվել է 1 մլիլարդ 730 միլոն դրամ: Եվս 879 միլիոն դրամ էլ հատկացվել է Ծիծեռնակաբերդ ուղեանցի կառուցմանը: Ներկայում ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի, Արամի փողոցի և Մաշտոց պողոտայի տարածքի հարակից հատվածների շինբարեկարգման աշխատանքները: Փողոցների նորոգման ու հիմնանորոգման ծրագրին զուգահեռ բարեկարգվել են նաև մայթերը, ինչի նպատակով ծախսվել է շուրջ 300 միլիոն դրամ։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս մասով տարեկան ծրագրերն ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի 30-ը: