Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է արդարադատության նախարար Հրայն Թովմասյանին՝ նշելով, որ Հայաստանում շատ ցածր է դատարանների հանդեպ հանրության վստահության տոկոսը։
Նա գրել է, որ Արդար դատավորի պարագայում մարդուց ապօրինի չէին խլի մի դեպքում տունը, մյուս դեպքում երեխային, իսկ հաճախ էլ` արժանապատվությունը կամ ազատ խոսքը: «Մեր երկրում արդարությունն առաջին հերթին դատավորի գործն է: Ըստ օրենքի և ողջամիտ տրամաբանության մարդիկ արդարություն պետք է փնտրեն դատարաններում, այլ ոչ` Կառավարության շենքի դիմաց»,- գրել է ՄԻՊ-ը:
Եվ իսկապես, ինչո՞ւ են մարդիկ ցույցեր ու ակցիաներ անում, արդարություն պահանջում գործադիրից և օրենսդիրից, անգամ քաղաքապետարանից, բայց գրեթե երբեք դատականից։ Չէ՞ որ նրանց կոչերի հիմնական ու անբաժան մաս կազմող այդ «արդարության» ապահովումը հենց դատարանների ձեռքում է։ Իսկ գործադիրն ու օրենսդիրը միայն կարող են պայմաններ ապահովել դրանց իրականացման համար։ Այդ պայմանները կարծես թե կան՝ օրենքներ, նորմեր… Իսկ եթե օրենսդիրն ու գործադիրը օրենք են խախտում, մի՞թե հենց նույն դատական համակարգը չպետք է դա վերահսկեր։
Ստացվում է, որ մեր ցուցարարները տարիներ շարունակ սխալ վայրերում են ցույցեր անում, քանի որ գործադիրն ինքն իր սխալը գրեթե երբեք չի ընդունում ու չի շտկում։ Անհրաժեշտ է, որ գործի իշխանության տարանջատման մեխանիզմը, ու դատական համակարգը վերահսկի, ստիպի շտկել…
Սակայն, ցավոք, Հայաստանում իշխանության տարանջատումը օրենսդիրի, գործադիրի ու դատականի լոկ ձևական բնույթ է կրում։ Եվ որտեղ էլ ցույց անեն, պատկերը չի փոխվի, քանի որ այս երեքի գործողությունները խիստ համաձայնեցված են։ Վկան ու ապացույցը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնների «ռակիրովկաները»…





