Վերարտադրության ու ժողովրդագրական վիճակի շտկման համար պետք չէ պետությունից շատ բան պահանջել, քանի որ այն դեռևս շատ երիտասարդ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ծնելիության ներկայիս մակարդակի ու այդ հարցում պետության դերի մասին, նման կարծիք հայտնեց Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։
«Ձեռնարկվող քայլերն այդքան էլ վատը չեն։ Օրինակ, վաուչերները, որ տալիս են հղի կանանց։ Դա հնարավորություն է տվել շատ զույգերի խուսափել ծննդաբերության ժամանակ շորթվող գումարներից, և ծնելիության քանակն ավելացել է»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ մեր 20-ամյա պետությունից պետք չէ սպասել նույն նպաստները, որ տալիս է Ֆրանսիայի նման զարգացած պետությունը, որտեղ կարելի է 3 երեխա ունենալ և չաշխատել։
«Ինչքան հնարավոր է, անում է պետությունը։ Ավելին պետք է պահանջնեք միայն այն դեպքում, եթե բոլորս մեր պարտականությունները կատարենք, ժամանակին մուծենք հարկերը, սոցիալական ոլորտը զարգանա։ Եթե պետությունը չունենա հզոր ֆինանսական հիմք, չի կարող մտածել և° թոշակառուների, և° երիտասարդ ընտանիքների մասին։ Ես վստահ եմ, որ վերևում նստած մարդիկ մեզանից քիչ չեն մտածում դեմոգրաֆիկ վիճակի սրության մասին։ Ո՞վ կուզենա, որ հայ ընտանիքում երեխա չծնվի»,- նշեց գինեկոլոգը՝ հավելելով. «Լավ կլիներ, որ ջահել ընտանիքները ստանային, ոնց որ Լիբիայում 7 հազար դոլար էին ստանում Քադդաֆիի ժամանակ հենց ամուսնանում էին։ Բայց տեսաք Քադդաֆիի հետ ինչ եղավ։ Կարող է՝ մերոնք էլ մտածում են՝ 7 հազար դոլար տանք, հետո մեզ հետ էլ Քադդաֆիի նման կվարվեն»





