AM
4 Նոյեմբեր 2011 - 05:30 AMT

Արդարության ձգտումն էլ չափ ու սահման ունի. պետք չէ դառնալ թշնամու կամավոր լրտեսը

Երիտասարդական շարժումները, տարբեր միությունները վերջին շրջանում շատ ակտիվ գործունեություն են ծավալում, տարբեր կարևոր հարցեր են բարձրաձայնում։ Բացի բարձրաձայնելը, փորձում են լինել հետևողական ու լուծումներ գտնել։ Երիտասարդները պայքարում են հանուն Թռչկանի ջրվեժի պահպանության, Զվարթնոցի կարասների անվտանգության, զինվորների ապահովության…

Սակայն ամեն ինչ չափ ու սահման ունի։ Երեկ այդ կազմակերպություններից մեկը՝ «Չենք լռելուն», բազմաթիվ մերկացնող ու աղմկահարույց հայտարարություններից հետո տարածեց ևս մեկը՝ «Խայտառակություն զորամսերից մեկում» խորագրով։ Ամեն ինչ ճիշտ էր ու սովորական խմբի համար։ Հաղորդագրությունն էլ գրված էր նույն ոճով, սակայն, մոռանալով կամ գուցե չիմանալով կամ էլ պարզապես «չֆայմելով», երիտասարդները գրել էին զորամասի կոնկրետ տեղը, բնակավայրը, զորամասի համարը, զինվորի ու հրամանատարների լրիվ անուններն ու կոչումները… Որոշ լրատվամիջոցներ այդ տեղեկատվությունը փոխարինել էին «զորամասերից մեկում» արտահայտությամբ, ինչը ողջունելի է, մյուսները էլի չէին «ֆայմել», ու տպել էին հաղորդագրությունն ամբողջությամբ։

Չի' կարելի։ Չի' կարելի մոռանալ՝ մենք դեռևս պատերազմական դրության մեջ ենք, և նման տեղեկությունները, ռազմական օբյեկտների բաշխվածությունը պետք է հնարավորինս գաղտնի պահել, քանի որ թշնամին յուրաքանչյուր նման տեղեկատվություն կարող է օգտագործել մեր դեմ… Ու վստահաբար կօգտագործի։ Ամեն դեպքում, զգուշավորությունը մեզ չի խանգարի։