ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանդիպումները համակարգի ստորաբաժանումների և ծառայությունների անձնակազմերի հետ շարունակվում են: Ոստիկանություից հայտնում են, որ հանդիպումներին մասնակցում են բոլոր ծառայողները` ղեկավարից մինչև շարքային, որովհետև ոստիկանությանն առաջադրված խնդիրները հնարավոր է լուծել բացառապես միասնական ջանքերով, և ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իրեն վերապահված գործառույթների սահմաններում պետք է լիարժեք կատարի իր պարտականությունները:
«Բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու և ոստիկանության գործունեության մեջ որակական տեղաշարժ արձանագրելու գրավականը ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի ներքին բարեփոխումն է, ծառայողական պարտականությունների անմնացորդ կատարումը, մարդկային ու քաղաքացիական որակների կատարելագործումը»,- ընդգծում է ոստիկանության պետը:
Նշվում է, որ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել հատկապես շարքայիններին ու կրտսեր սպայական կազմին, երիտասարդ կադրերին, հետևողականորեն կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները, հոգատար լինել անձնական ու սոցիալական խնդիրների լուծման հարցում:
Ոստիկանի մեջ պետք է գտնել պրոֆեսիոնալին ու մարդուն, հրաժարվելով համահարթեցումից` տեսնել ու խրախուսել մարդկային և մասնագիտական լավագույն դրսևորումները, իսկ արատավոր երևույթները կանխել, հարկ եղած դեպքում` պատժել օրենքի ողջ խստությամբ: Ոստիկանության պետ Վլադիմի Գասպարյանի համոզմամբ` համակարգի գլխավոր գործառույթը իրավախախտումների կանխարգելումն է, քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայության հաստատումը:





