AM
4 Նոյեմբեր 2011 - 11:31 AMT

Պետրոս Դուրյանի գանգի բեկորները պետք է թաղվեն, գտնում է Գրողների միությունը

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում 40 տարի շարունակ պահվող գրող Պետրոս Դուրյանի գանգի ճակատագրի հարցը համարում է հրատապ և հասարակությանը հուզող: Նոյեմբերի 3-ին միությունում կայացած նախագահության ընդլայնված նիստի ընթացքում բանախոսներն առաջարկել են դասականի մասունքը հողին հանձնել Կոմիտասի անվան զբոսայգու հայոց մեծերի Պանթեոնում: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի կարծիքով, Պանթեոնում պետք է կառուցել առանձին հուշապատ և Պ. Դուրյանի գանգն այնտեղ զետեղել, հիմնավորելով, որ պատը հետագայում կարող է ազգային այլ մասունքներ ևս ներփակել իր մեջ: Այս առաջարկն արժանացավ նախագահության անդամների մեծ մասի հավանությանը:

Պետրոս Դուրյանը թոքախտից մահացել է 20 տարեկանում` 1872 թ., թաղվել է Կ.Պոլսի Սկյուտար թաղամասի գերեզմանատանը: 1960-ականների վերջին որոշվել է գերեզմանատան տարածքում ճանապարհ կառուցել, և գերեզմանը տեղափոխելու խնդիր է առաջացել:

Հենց այդ ժամանակ Կ.Պոլսի հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը ծածուկ Հայաստան է բերել բանաստեղծի գանգը և հանձնել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին: Վեհափառն էլ իր հերթին 1969 թ. գանգի բեկորները հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Ակադեմիկոս, մարդաբան, գանգաբան Անդրանիկ Ճաղարյանը գանգի բեկորների հիման վրա վերականգնել է Դուրյանի իրական դեմքը և քանդակ ստեղծել, որից հետո բեկորները վերադարձրել թանգարանին: Սակայն դրանից հետո բեկորներն այդպես էլ հողին չեն հանձնվում: