Երիտասարդության մասին ազգային զեկույցի առաջին տարբերակը պատրաստ կլինի մինչև 2011 թվականի դեկտեմբերի 15-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 10-ին նշեց Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Նրա համոզմամբ, զեկույցը կպատասխանի բազմաթիվ հարցերի: «Մենք կիմանանք, թե ինչ սպասելիքներ ունեն երիտասարդները Հայաստանից ու, ըստ այդմ, պետությունն էլ 5 տարիների ընթացքում ակտիվ քաղաքականություն կվարի նրանց պահանջները բավարարելու համար»,- շեշտեց Քարամյանը:
Առաջին անգամ ազգային զեկույց կազմվել է 2006-ին, սակայն, ըստ փոխնախարարի, այս մեկը ավելի պրոֆեսիոնալ, համակողմանի և ճշգրիտ փաստաթուղթ է. «Հայաստանում այսօրվա երիտասարդները ունեն 3 խնդիր, դրանք են` որակյալ կրթությունը, զբաղվածությունը և սոցիալական հարցերը: Նախարարությունը անցկացրել է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, ինչպես նաև հաջող ընթացք ունի «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը: Այսօրվա դրությամբ 580 երիտասարդ հիփոտեկային վարկավորում է ստացել, և 2012-ին էլ շարունակվելու է այս ծրագիրը»:
Դեկտեմբերից Երևանի Ավան համայնքում կսկսվի նոր շենքի կառուցում, որը կունենա 360 բնակարան, և այնտեղ կբնակվեն մարզիկները, լրագրողները, բժիշկները և այլ մասնագիտության տեր երիտասարդներ:





